Ընդդիմությունը պատրաստ է բանակցել միայն համամասնական ընտրակարգի շուրջ

Վրացական ընդդիմությունը, որ շարունակում է բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում, պատրաստ է բանակցությունների, եթե այն կվերաբերի համամասնական ընտրակարգի անցմանը։

«Եթե ​​խոսքը համամասնական համակարգին անցնելու մասին է, այսինքն այն խոստման, որը Իվանիշվիլին և նրա տխրահռչակ թիմը խոստացան Գավրիլովի արյունոտ գիշերվանից հետո, մենք, իհարկե, պատրաստ ենք», — արձագանքելով բանակցությունների մասին իշխող ուժի ներկայացուցիչներից Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, ասել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր ուժի առաջնորդ Գիգա Բոկերիան։

Նա ընդգծել է, որ այլ թեմայի շուրջ իշխանությունների հետ բանակցությունենրի սեղանի շուրջ չեն նստելու։ «Միայն կխոսենք այն մասին, ինչ նրանք խոստացել են: Հասարակական արձագանքը ստիպում է, որ Բիձինա Իվանիշվիլին կամ կատարի իր խոստումը, կամ էլ իշխանությունը կկորցնի», — ասել է Բոկերիան:

Հավելենք՝ խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն տեղեկացրել է, որ դիվանագիտական կորպուսի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ կսկսեն: