Ընդունելություն Վիրահայոց թեմում

Հուլիսի 8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանի «Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս» սրահում, ի պատիվ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Վրաստանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ, Կրոնի հարցերով պետական գործակալության պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների գործիչներ:

Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել ներկաներին՝ 17 տարիներ միասին ծառայելու, քրիստոնեական և համամարդկային միևնույն արժեքներին դավանելու և համագործակցելու համար: Նա իր որդիական խոնհարումն է բերել համայն Վրաց Պատրիարքին, Վրաստանի իշխանություններին, կրոնական համայնքների հոգևոր սպասավորներին և հասարակական գործիչներին՝ անցնող 17 տարիներին Վիրահայոց թեմի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:

Ընդունելությանը ներկա հոգևոր առաջնորդներն ու պետական հասարակական գործիչները գնահատանքի խոսքեր են հնչեցրել Վազգեն Սրբազանին՝ կատարած աշխատանքների և բարի հոգևորականի նկարագրի համար, և հույս հայտնել, որ կշարունակվի այն բարեկամությունը և համագործակցությունը, որ ձևավորվել է անցնող 17 տարիների ընթացքում:

Ընդունելության ավարտին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է էկումենիկ և միջկրոնական աղոթք: