Ընտրական բարեփոխումները՝ ընդդիմության հետ «բարիշելու» միակ ճանապարհ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդդիմության հետ՝ վերջիններիս խորհրդարան մտնելու շուրջ ծավալված բանակցությունների շրջանակներում խոսել է ընտրական բարեփոխումներից, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2024 թվականին: Հիմնական փոփոխությունն առանց շեմի խորհրդարան մտնելու հարցն է:

Վերոնշյալ հարցով բանակցություններն ընթանում են «Գիրչի» կուսակցության հետ, որի ներկայացուցիչները խորհրդարան մտնելու համար այս պայմանն են առաջարկել ու ավելացրել, որ այսպես այլ կուսակցությունները ևս կհետևեն իրենց:

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն բարեփոխումների մասին խոսելիս նշել է, որ «Վրացական երազանքի» և «Քաղաքացիներ» կուսակցության հետ կնքած հուշագրում ևս կար 2024թ․ խորհրդարանական ընտրություններից ի վեր անցողիկ շեմը նվազեցնել մինչև 0-3%:

Նշենք, որ միակուսակցական խորհրդարանում «Վրացական երազանքին» վերջին երկու ամիսների ընթացքում միացան «Հայրենասերների դաշինքի» և «Քաղաքացիներ» կուսակցության անդամները:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները չի ճանաչում: Նրանք հրաժարվել են խորհրդարանական մանդատներից, և ի նշան բողոքի՝ չեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։

Քաղաքական ճգնաժամից ելնելու ճանապարհ գտնելու նպատակով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանների միջամտությամբ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև բանակցություններ են անցկացվում: