Ըստ առողջապահության նախարարի` դեղատները դեղորայքի արհեստական դեֆիցիտ են ստեղծել

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել է, որ դեպքեր կան, երբ դեղագործական ընկերությունները արհեստականորեն դեղերի դեֆիցիտ են ստեղծել։

Ըստ Ազարաշվիլիի՝ գինը բարձրացնելու համար ընկերությունները որոշ դեղամիջոցներ վաճառասեղանին չեն տեղադրել։

«Ցավոք, նման փաստեր եղել են։ Հաջորդ տարվանից այս ամենը կարգավորվելու է օրենքով…

Սա մի կողմից կօգնի մեզ ապահովել, որ ընկերությունները դեղորայքը չվաճառեն բազային գնից ավելի, նաև հնարավորություն կտա մեզ արձագանքելու, որպեսզի չկարողանան արհեստականորեն դեֆիցիտ ստեղծել։ Մենք վերահսկելու ենք ամբողջ ցիկլը՝ սկսած ներմուծումից»,- ասել է առողջապահության նախարարը։

Դեղագործական ընկերությունների ասոցիացիան արձագանքել է նախարարի հայտարարությանը։ Ըստ ասոցիացիայի՝ իրենց անդամներն ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում են, որ մի շարք դեղերի ժամանակավոր սղությունը կապված է արտադրողների կողմից մատակարարման և նյութատեխնիկական ապահովման հետաձգման հետ։

«Դեղագործական ընկերությունների մեծամասնությունը ջանք չի խնայում ապահովելու, որ դեղատները և նրանց կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին և սպառողներին տրամադրեն որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղագործական արտադրանք։ Համաձայնեք, որ Վրաստանի դեղագործական շուկան այս առումով առաջադեմներից է։

Հաճախորդի շահերը միշտ առաջնահերթ են եղել դեղագործական ընկերությունների համար։ Նշված սկզբունքի պաշտպանությանը ծառայում է շուկայում առկա ուժեղ մրցակցությունը, որն էլ ավելի է նպաստում դեղագործական արդյունաբերության զարգացմանը։

Իհարկե, շուկայում միշտ էլ կլինեն անբարեխիղճ սուբյեկտներ, որոնք ունեն այլ արժեքներ և ստեղծված իրավիճակը օգտագործում են միայն իրենց շահերի համար։ Սակայն անընդունելի է, որ դեղագործական շուկայի բոլոր մասնակիցներին մեղադրեն իրենց սկզբունքներին հակասող արարք կատարելու համար»,- նշել են ասոցիացիայի կազմում ընդգրկված ընկերությունները։