Ըստ Վրաստանի քաղհասարակության` Հաղթանակի տոնը պետք է նշել Եվրոպայի հետ

Այսօր՝ մայիսի 9-ին, երբ Վրաստանը պաշտոնապես նշում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, Վրաստանի քաղհասարակությունը հարկ է համարում հաղթանակի օրը նշել մայիսի 8-ին։ Դեռ տարիներ առաջ բողոքի ալիք սկսվեց Հաղթանակի տոնը Եվրոպայի հետ նշելու պահանջով:

Քաղաքացիների բացասական արձագանքի պատճառ է դարձել կառավարական էջերում հրապարակված գրառումները, որտեղ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր է նշվում մայիսի 9-ը։

79 տարի առաջ հաղթանակած որոշ երկրներ, Ռուսաստանի Դաշնության գլխավորությամբ, այդ օրը տոնում են մայիսի 9-ին, սակայն ԱՄՆ-ը և եվրոպական երկրները նշում են մայիսի 8-ին։

«Մայիսի 8-ը ճիշտ է, քանի որ Գերմանիան կապիտուլյացիայի մասին հայտարարեց մայիսի 8-ի ուշ երեկոյան, ԽՍՀՄ-ում այն ​​ժամանակ մայիսի 9-ն էր, բայց կապիտուլյացիան տեղի ունեցավ մայիսի 8-ին` ըստ այն վայրի, որտեղ ստորագրվել է, այսինքն` Գերմանիայում։

Խորհրդային Միությունը մայիսի 9-ը հռչակեց հաղթանակի օր, որովհետև պարզ էր՝ այդ հաղթանակով կբաժանվեր Եվրոպայից, չէին հնչի այլ պետությունների անուններ, հետագայում ևս կասվեր, որ միայն ԽՍՀՄ-ն է հաղթել այդ պատերազմում։ Այժմ էլ Ռուսաստանը` որպես ԽՍՀՄ-ի գլխավոր հետնորդ-պետություն, նշում է մայիսի 9-ին` Եվրոպայից զատ, ներկայացնելով, թե ինքն է եղել պատերազմի գլխավոր դերակատարը», — պարզաբանեց երիտասարդ քաղաքագետ Իրակլի Յագորաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։