Վրաստանի բոլոր հիվանդանոցներում կգործեն նույն սակագները

Բուժական ծառայությունների համար նախատեսված սակագները, որոնք պետական ֆինանսավորում ունեն՝ երկրի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում, այսուհետ Վրաստանի բոլոր կլինիկաներում նույնն են լինելու:

Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Տիկարաձեն: Ըստ նրա՝ չնայած երկրում գործում է համընդհանուր առողջապահության ծրագիր, պացիենտների անձնական ծախսերը  20-22 տոկոսով գերազանցում են նրանց եկամուտին:

Նախարարությունը որոշում է կայացրել փոխել ֆինանսավորման մեխանիզմը: Նախատեսվում է բոլոր բուժհիմնարկներում հավասարեցնել այս ծրագրի շրջանակներում սակագները: Դեռևս պարզ չէ՝ երբ են կլինիկաներն անցնելու նոր մեխանիզմով ֆինանսավորման: Նախարարինթեկնածուն նաև հայտնել է, որ մոտ ապագայում առողջապահության նախարարությունը կներգրավվի հոսպիտալների կառավարման պրոցեսում՝ որպեսզի բարելավի ծառայությունների որակն ու վերահսկի պետական միջոցների ծախսերը:

Վրաստանի բնակչության մի մասն օգտվում է մասնավոր ապահովագրությունից, իսկ մեծամասնությունը՝ համընդհանուր առողջապահության պետական ծրագրից: Ծրագիրը ներառում է վեց խումբ. (մինչև 5 տարեկան երեխաներ, ուսանողներ, թոշակառուներ, հատուկ կարողություններով անձինք, սոցիալապես անապահով անձինք), բարձր եկամուտ ունեցող անձինք, միջին եկամուտ ունեցող անձինք, դեռահասներ (6-18 տարեկան), ցածր եկամուտ ունեցող անձինք, ոչ կանոնավոր եկամուտ ունեցող անձինք:

Ելնելով նշված խմբերից՝ պետությունը մասնակի կամ ամբողջությամբ իր վրա է վերցնում բուժման ծախսերը: