Էկա Բեսելիան լքեց «Վրացական երազանքը»

Էկա Բեսելիան դուրս է գալիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից: Այս մասին Բեսելիան հայտարարել է հրավիրած արտակարգ մամուլի ասուլիսում:

Նա տեղեկացրել է, որ գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր, սակայն, չի բացառել նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրությունը:

«Գնում եմ այնտեղ, որտեղ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն է», հայտարարել է Բեսելիան՝ հավելելով, որ նման որոշում կայացնելը շատ դժվար էր, սակայն արդար է ու ճիշտ:

Բեսելիան նման քայլի է դիմում այ բանից հետո, երբ երեկ Վրաստանի խորհրդարանը կողմ չքվեարկեց 9 պատգամավորի կողմից նախաձեռնած օրինագծին, որի համաձայն դատավորների ցմահ նշանակման հարցը պետք է հետաձգվեր մինչև 2024 թվականը:

Հատկանշական է, որ փետրվարի 21-ին խորհրդարանական մեծամասնությունը լքելու մասին հայտարարել էր նաև «Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին:

Ինչ վերաբերում է Էկա Բեսելիայի գաղափարակից Գեդևան Փոփխաձեին, վերջինս առաջիկա օրերին կհայտարարի իշխող կուսակցությունում մնալու կամ դուրս գալու մասին:

Տեղեկացնենք՝ «Վրացական երազանք»-ի ստեղծման ակունքներում կանգնած, երբեմնի ազդեցիկ համարվող քաղաքական գործիչը վերջին շրջանում որոշ տարաձայնություններ է ունեցել նաև «Վրացական երազանք»-ի հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ։