Էրդողան-Ղարիբաշվիլի հանդիպում. հիմնական թեզերը

Հունիսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պետական (ամենաբարձր մակարդակի) այցով ժամանեց Թուրքիա: Այնտեղ Ղարիբաշվիլիին ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ երկկողմ հանդիպումից հետո երկու երկրի առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Էրդողանը խոսեց թուրք-վրացական հարաբերություններից՝ նշելով, որ դրանք բարեկամական, տնտեսական և ռազմավարական են:

«Թուրքիան 14 տարվա ընթացքում Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է: Նպատակ կա հնարավորինս սեղմ ժամկետում առևտրի ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի, — նշել է Էրդողանը` հավելելով,- Մենք կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Մենք հավատում ենք, որ կարող ենք կատարել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն և կխթանեն մեր տարածաշրջանի խաղաղությունը: Այս համատեքստում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք բոլոր եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվին էլ, իր հերթին, նշել է. «Այնպես է ստացվել, որ երեք երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան, փոխկապակցված են, ունեն շատ սերտ համագործակցություն, գործընկերություն և, ամենակարևորը, բարեկամություն: Մեր միջև կա շատ ամուր հիմք՝ ավելի շատ ծրագրեր համատեղ իրականացնելու և՛ երկկողմ, և՛ եռակողմ ձևաչափերով»:

Ղարիբաշվիլին Էրդողանին շնորհակալություն է հայտնել Եվրաատլանտյան կազմակերպություններին ինտեգրվելուն և երկրի ինքնիշխանությանը աջակցելու համար, և խոսքի վերջում՝ հրավիրել Թբիլիսի:

Նշվեց նաև, որ որոշվել է  ռազմավարական գերագույն խորհրդի նիստ անցկացնել: