Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 31

Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսին սոցիալական նպաստ ստացողների թիվն աճել է 3 217-ով և կազմել 664 հազար 278, ինչը ռեկորդային թիվ է. արդյունքում՝ Վրաստանի բնակչության 17,8 տոկոսը պետությունից ստանում է կենսապահովման նպաստ։

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 2022 թվականին մայրաքաղաք Թբիլիսիի օրվա՝ Թբիլիսոբայի համար ծախսել 3 մլն 050 հազար լարի։

Վրաստանում 2022 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 9,7 տոկոս, իսկ 2022 թվականի առաջին յոթ ամիսների աճի միջին ցուցանիշը սահմանվել է 10,3 տոկոսը։

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) վիճակագրական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների թիվը կրկին նվազել է:

Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) օգոստոսի 29-ին հայտարարել է, որ Սենակիի մունիցիպալիտետի մեծամասնական մեկ թաղամասում միջանկյալ ընտրությունները պետք է չեղարկվեն և արտահերթ ընտրություններ անցկացվեն ողջ մունիցիպալիտետում։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ անցկացվել է ամփոփիչ վարժանք ՊԲ հատուկ գործողությունների ուժերի հատուկ նշանակության գումարտակի ծովային հատուկ նշանակության ընկերության և ԱՄՆ ծովային հետևակի համատեղ փոխանակման վարժանքների (JCET) շրջանակներում։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Թինա Խիդաշելին դժգոհ է, որ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների բացմանը ներկա չեն եղել ոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ոչ էլ անգամ Վրաստանի  պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն

2022 թվականի օգոստոսի 31-ին Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Պրահայում ընթացող Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Թբիլիսիում Ուկրաինայի արդեն նախկին դեսպան Իգոր Դոլգովը լքում է Վրաստանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ընդունել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Վրաստանում:

ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Կախա Իմնաձեին կփոխարինի Դավիթ Բաքրաձեն։ Իմնաձեն այսուհետ կզբաղեցնի Կանադայում Վրաստանի դեսպանի պաշտոնը։

Բորջոմիի մունիցիպալիտետի անտառում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին արդեն 12 օր։

Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2.9002 լարի, ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,8935 լարի է։