ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Իմնաձեին կփոխարինի Բաքրաձեն

ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում Կախա Իմնաձեին կփոխարինի Դավիթ Բաքրաձեն։ Իմնաձեն այսուհետ կզբաղեցնի Կանադայում Վրաստանի դեսպանի պաշտոնը։

Կախա Իմնաձեն ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի հուլիսից։

«Ես հպարտությամբ եմ հեռանում Նյու Յորքից՝ ՄԱԿ-ում Վրաստանի ունեցած ներդրման համար։ Հաջողություն եմ մաղթում փոխարինողիս՝ Դավիթ Բաքրաձեին։

Անհամբեր սպասում եմ պարտականություններիս կատարմանն Օտտավայում, որտեղ կշարունակեմ հարգելի Կոնստանտին Քավթարաձեի սկսած աշխատանքը՝ Վրաստան-Կանադա բարեկամության և համագործակցության խորացման ուղղությամբ»,- գրել է Իմնաձեն իր թվիթերյան էջում։

Նշենք, որ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի տարեկան պաշտոնական աշխատավարձը կազմում է 138 հազար դոլար, ինչը Վրաստանի դիվանագիտական ​​ծառայության ամենաբարձր աշխատավարձն է։