Գալիում ծեծի ենթարկված Վրաստանի քաղաքացին մահացել է

Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանում ռուսական օկուպացիոն ուժերի, այսպես կոչված, միլիցիայի ներկայացուցիչները Վրաստանի 43-ամյա քաղաքացի Թեմուր Կարբաիային ծեծի են ենթարկել. վերջինս հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:

Ընտանիքի պնդմամբ՝ Կարբաիայի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ, կապտուկներ և կոտրվածքներ են եղել:

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին դատապարտել է օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից Կարբաիայի սպանությունը. «Վրաստանի քաղաքացու կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ հենց վերջինս է վերահսկողություն իրականացնում օկուպացված տարածքի նկատմամբ»:

Հանրային պաշտպանը Վրաստանի իշխանություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և մոնիտորինգի բոլոր միջազգային կազմակերպություններին կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել վերոհիշյալ փաստի արդյունավետ հետաքննության, մեղավորներին պատժելու և Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու համար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ օկուպացված Աբխազիայում տեղի միլիցիայի աշխատակիցների կողմից դաժան ծեծի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացու ողբերգական մահը հիշեցում է Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարման մասին։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին ասել է՝ միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է օկուպացիան ժամանակին դադարեցնելը։

«Եվս մեկ տխուր փաստ տեղի ունեցավ, այն ևս մեկ անգամ ընդգծում է օկուպացիայի լրջությունը: Այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը, կարևոր է հատկապես այս տեսանկյունից դիտարկել, որ օկուպացիա չի նշանակում միայն Վրաստանի տարածքային ամբողջականության, այլ՝ առաջին հերթին օկուպացված շրջաններում մարդու իրավունքների ոտնահարում…»,- ասել է Պապուաշվիլին:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով, միջադեպի առնչությամբ գործարկվել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Ըստ տեղեկության՝ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հաստատել են Վրաստանի քաղաքացու մահվան փաստը, սակայն, չեն հաստատել նշված անձին ապօրինի ձերբակալելու փորձը։

Կարբաիայի ծեծի մասին լուրը տարածվել էր դեկտեմբերի 9-ի երեկոյան՝ սոցիալական ցանցերում: Կարբաիան Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Ծարչե գյուղի բնակիչ էր: Սպանվածի եղբայրը՝ Ջումկա Կարբաիան, տարիներ շարունակ ընտանիքի հետ ապրում է Զուգդիդիում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները սպանել էին Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին: