Վրացիներին կօգնենք ապաօլիգարխացման հարցում․ Արխամիա

Ուկրաինայի ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան տեսաուղերձ է հրապարակել, որում խոսում է օրեր առաջ Ուկրաինայի կառավարության կայքում տեղադրված «Պատերազմ և պատժամիջոցներ» ցուցակի մասին:

Արախամիան նշել է, որ վրացիներին պետք է օգնել ապաօլիգարխացման հարցում։

Արախամիան զրույցը սկսել  է վրացերեն ողջույնով և ասել, որ դիտավորյալ որոշել է տեսանյութը տարածել ցուցակի հրապարակումից մի քանի օր անց, քանի որ սպասել է Վրաստանի իշխանությունների «հիստերիկ արձագանքին»։

Ըստ Արախամիայի՝ պատահական չէ, որ ցուցակում ընդգրկվել են Վրաստանի նախկին վարչապետ և գործարար Բիձինա Իվանիշվիլին և նրա բիզնես միջավայրի ներկայացուցիչները։

«Հարգելի վրացիներ, ափսոս, եթե այսօր ջանքեր չգործադրեք ինքնուրույն ապաօլիգարխացում իրականացնելու համար, մենք ձեզ կօգնենք»,- ասել է Արախամիան:

Նշենք, որ ապաօլիգարխացումը այն 12 առաջարկություններից մեկն է, որը Եվրահանձնաժողովը խնդրում է կատարել Վրաստանին՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Ուկրաինական «Պատերազմ և պատժամիջոցներ» ցուցակը հրապարակել է 12 վրացիների տվյալներ, ովքեր, ըստ ցանկը ստեղծողների, արժանի են պատժամիջոցային ցուցակում առաջադրվելու՝ իրենց գործունեության, կապերի կամ ուկրաինական պատերազմի հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով։