ԵՄ-ը մտահոգված է Վրաստանում առաջընթացի բացակայությամբ

Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման խորհրդի 7-րդ նստաշրջանում Եվրամիությունը մտահոգություն է հայտնել 2021 թվականին մի քանի հիմնական ուղղություններով էական առաջընթացի բացակայության կապակցությամբ։

ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և քաղաքական բևեռացումը նվազեցնելու, օրենքի գերակայության ամրապնդման, դատական ​​համակարգի անկախության, անաչառության և հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները՝ Վրաստանին աջակցելու համար։

«2022 թվականի սեպտեմբերի 6-ին Բրյուսելում կայացել է Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման խորհրդի 7-րդ նիստը։ Ասոցացման խորհուրդն ընդգծել է 2022 թվականի հունիսի 23-ի Եվրոպական խորհրդի որոշման պատմական նշանակությունը, որով ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Ընդգծվել է Եվրոպական խորհրդի պատրաստակամությունը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝ Եվրոպական հանձնաժողովի սահմանած առաջնահերթությունները կատարելուն պես։ Վրաստանի և նրա քաղաքացիների ապագան Եվրամիությունում է», — ասված է հայտարարության մեջ։

Այս համատեքստում Եվրամիությունը ողջունել է Վրաստանի խորհրդարանում սկսված աշխատանքը և կոչ է արել իշխող կուսակցությանը ներգրավվել քաղաքացիական հասարակության և խորհրդարանական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների հետ եվրաինտեգրման հարցով ներառական գործընթացում։

Եվրամիությունը նաև կոչ է արել վրացական քաղաքական ուժերին համախմբվել, աշխատել միասին ու համագործակցել ամենակարևոր խնդրի՝ նշված առաջնահերթությունների իրականացման շուրջ։

Եվրամիությունն ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ուղին արժանիքների վրա հիմնված գործընթաց է։