Աբխազիայի հողը չի վաճառվում. ակտիվիստները՝ ՌԴ դեսպանին

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի քաղաքացիական սեկտորի կին ներկայացուցիչները հանդիպել են Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Միխեիլ Շուրգալինի հետ՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու և հարևան աբխազական հասարակության համար կարևոր այլ հարցերի շուրջ։

Ակտիվիստների խոսքով՝ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ Կին ակտիվիստները հանդիպման մանրամասների մասին խոսել են տեղի աբխազական հեռուստատեսության եթերում։

Ինչպես նշել են ակտիվիստները, ՌԴ դեսպանը խոստացել է, որ ժողովրդի կարծիքը և տրամադրությունները կհասցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նաև հասկացրել է, որ այդ հարցի ընդունումը միայն Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի որոշելիքն է։

«Մենք նրան բացատրեցինք, որ Աբխազիայի հողը չի վաճառվում, և որ ամենակարեւորն է՝ հասկացրինք, որ աբխազ ժողովրդի տրամադրությունն այն չէ, ինչ դեսպանը պատկերացնում էր»,- ասել է դե ֆակտո Աբխազիայի վետերանների կազմակերպության ներկայացուցիչ Լարիսա Տարբան։

Ներկաները նաև նշել են, որ հանդիպմանը Ռուսաստանի դեսպանն իրենց հասկացրել է, որ Բիճվինթայի տարածքի փոխանցումը Ռուսաստանին բխում է Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների շահերից։

Բիճվինթայի բռնակցո՞ւմ, թե՞ Վրաստանին ճնշելու նոր մեխանիզմ