Օմբուդսմենի ընտրությունը պետք է լինի թափանցիկ և ներառական. Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, անհրաժեշտ է, որ Վրաստանի հանրային պաշտպանի ընտրության ընթացակարգը լինի թափանցիկ ու ներառական, և դրան մասնակցեն բոլոր կողմերը:

Դեգնանը նշել է, որ նախկին գործընթացը, որով Վրաստանում ընտրվել էր հանրային պաշտպանը, բարձր էին  գնահատել միջազգային կազմակերպությունները։

Ըստ դեսպանի, գործընթացը համարվում է ներառական, քանի որ ներգրավվում են հասարակական կազմակերպությունները և այլ շահագրգիռ կողմեր:

«Սա խորհրդարանի և Վրաստանի համար հնարավորություն է ապահովելու այս գործընթացում վրացական հասարակության լիակատար ներառականությունն ու առավելագույն ներգրավվածությունը։

Եթե ​​Վրաստանը ցանկանում է ճանաչվել միջազգային կազմակերպությունների կողմից, մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, և շատ կարևոր է, որ գործընթացը լինի ներառական ու ներգրավի բոլոր կողմերին»,- ասել է  Դեգնանը։

Ի դեպ, ներկայիս հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերին։ Խորհրդարանը պետք է ընտրի Լոմջարիային փոխարինողին՝ ամբողջական կազմի երեք հինգերորդ մասով կամ 90 ձայնով։ Այսօր քաղաքական սուբյեկտներից ոչ մեկը, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցութունը, խորհրդարանում չունի 90 պատգամավոր, ինչը նշանակում է, որ նոր օմբուդսմեն ընտրելու համար անհրաժեշտ են թե՛ «Վրացական երազանքի», թե՛ խորհրդարանական ընդդիմության անդամների ձայները։

Նշենք նաև, որ հանրային պաշտպանի ընտրության հարցը Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ներկայացված 12 կետանոց պայմաններից մեկն է, որը պետք է կատարվի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Եվրահանձնաժողովի հանձնարարականում նշվում է, որ նոր հանրային պաշտպանի առաջադրման գործընթացում առաջնահերթությունը պետք է տրվի անկախ անձի, և այդ գործընթացն անցկացվի թափանցիկ։