«Դամիա գյուղն անձրևանոցի տակ»․ գյուղացիներն առանց ոռոգման ջրի

«Դամիա գյուղն անձրևանոցի տակ է, անձրև չի կաթում», — հնուց եկած խոսքն ամբողջովին բնութագրում է այժմյան Դամիայի առօրյան:

«1941 թվին է եկել վերջին կարկուտը», — երանությամբ է հիշում է գյուղի ամենատարեց բնակիչը՝ 85-ամյա Բենիկ Վանյանը: Գյուղացիներն ամեն տարի բերք են ցանում՝ անձրևների ու թեկուզ և կարկուտի սպասելով․ ոռոգման ջուր ընդհանրապես չկա։

Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղում մոտ 80 ընտանիք է ապրում: Վանից (Արճեշից) գաղթածները 19-րդ դարի առաջին կեսին հանգրվանել են հայ-վրացական սահմանով հոսող Դեբեդ գետի ափին: «Գետի ափին քիչ են ապրել: Գաղթից մազապուրծ, հյուծված, տանջված գյուղացիները չեն դիմացել գետափի պայմաններին՝ մոծակների խայթոցներին ու ավելի վերև են բարձրացել։ Եվ այդպես էլ 1850-ական թվականներին հիմնադրվել է ներկայիս Դամիա գյուղը։ Այս բնակավայրը, սակայն, ջրի սակավության պատճառով կոչվել է Դամիա, որը թարգմանաբար նշանակում է չոր», — մեզ հետ զրույցում ասում է գյուղի բնակչուհի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը:

«Մեր համագյուղացիները շատ աշխատասեր են․ պետք եղած ժամանակ երկուսի փոխարեն երեք անգամ ենք քաղհան անում, հույս ունենալով, որ գոնե այդպես բերք կստանան, սակայան արդյունքը գրեթե միշտ 0 է», — ասում է Լյուդմիլա Նալբանդյանը՝ պատմելով, որ ինքը ևս ամեն տարի անօգուտ չարչարվում է։

Սովետական շրջանն է եղել գյուղի ծաղկուն շրջանը, երբ մոտ 150 ընտանիք էր ապրում, հոգսերը քիչ էին, ոռոգման ջուր կար, իսկ միության փլուզումից հետո, խնդիրները շատացել են, գյուղի բնակիչները հետզհետե արտագաղթել են՝ հիմնականում Հայաստան, Ռուսաստան և այլ երկրներ:

«Շատ վատ ենք ապրում. չոր տարի էր, ոչ մի բերք չստացանք: Եգիպտացորեն ենք ցանել, ոչինչ չենք ստացել: Մեկ հեկտարի համար մոտ 1500 լարի գումար ենք ծախսել ու վերջում ոչինչ չունենք: Անձրևի հույսին ենք, ոռոգման ջուր չկա», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Դամիայի բնակիչ Ռաֆիկ Մխիթարյանը:

Դամիա գյուղի բնակիչների համար այսօր ոռոգման ջուրը կենսական նշանակության խնդիր է:

«Ամեն անգամ գյուղից դուրս հյուր գնալիս տարաներ էինք տանում, ջուր բերում, հիմա, փառք Աստծո խմելու ջուր ունենք, մնում է ոռոգման ջրի հարցն էլ լուծեն, այլ խնդիր չենք ունենա», — ասում է Բենիկ Վանյանը:

«Մարդիկ հեկտարներով ցորեն, արևածաղիկ են ցանել, բայց գոնե ցանածի չափով չեն ստացել: Վարելու համար գումար ենք ծախսել, ցանելու, քաղհանի, սերմի համար, բայց նույնիսկ ցանածը չենք ստացել», — ասում է Դամիայի մեկ այլ բնակիչ Արտեմ Վանյանը:

Ռաֆիկ Մխիթարյանն ասում է․ «մարդիկ արտագնա աշխատանքի են գնում, բայց բերած գումարով չգիտեն՝ ընտանիքի տարբեր ծախսերը հոգան, թե հարկերն ու վարկերը վճարեն»:

Հատկանշական է, որ գյուղացիները սովորաբար տարվա սկզբին վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան հոգալ վար ու ցանքի ծախսերը, բայց շատ հաճախ բերք չստանալով,  անասուններն են վաճառում վարկերը մարելու համար:

Դամիան ի տարբերություն այլ գյուղերի, գազ ունի, վերջին տարիներին գիշերային լուսավորում է նաև անցկացվել, երկար սպասված խմելու ջուրն էլ արդեն հասել է գյուղ: Նրանք սպասում են, որ կառավարությունը հողի հարկերը կիջեցնի, որովհետև ամեն անգամ գյուղ գալով չինովնիկները նման խոստում են տալիս։ Ոռոգման ջրի հարցը ևս միշտ խոստանում են լուծել։

Դամիա գյուղը Մառնեուլի-Սադախլո (ՀՀ-ի հետ սահման) միջպետական ճանապարհից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է, սակայն այդ 3 կմ ճանապարհն անմխիթար վիճակում է, դա էլ խոստումների ցանկում է:

Շրջկենտրոնից այդքան մոտ, սակայն առանց հասարակական տրանսպորտի է Դամիա գյուղը: Գյուղացիների մեծ մասը սեփական ավտոմեքենա ունի, սակայն քարուքանդ եղած ճանապարհին մեքենաները հաճախ են շարքից դուրս գալիս, իսկ ոչ տեղացիների համար գյուղ հասնելը խնդիր է:

Դամիայում աշխատանք չլինելու պատճառով գյուղացիները «խոպանի ճանապարհն» են բռնել: Եթե առաջ հիմնականում Ռուսաստանն էր հասանելի աշխատանքի համար, ապա հիմա դամիացիները օգտվում են նաև վիզայի ազատականացման ռեժիմից, աշխատանքի մեկնում նաև եվրոպական երկրներ: