«Թումանյանական օրեր». Երևանի պատվիրակությունը Թբիլիսիում էր

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  150-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների նախաձեռնությամբ անցկացվել են «Թումանյանական օրեր Թբիլիսիում»:

Ծրագրի շրջանակներում Թբիլիսիում հյուրընկալվել են հայ արվեստագետներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Երևանի պատվիրակությունն այցը սկսել է Հավլաբար թաղամասում գտնվող Երևանյան պուրակ և Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ: Հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր  Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:

Հյուրերն այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, ուր ամփոփված է մեծ բանաստեղծի  աճյունը:

Հովհաննես Թումանյանի  կյանքն ու գործունեությունը կապված է նաև Վրաստանի ու վրացիների հետ: Նա հայ ընթերցողին նորովի ներկայացրեց վրաց գրականությունը: Թումանյանի հայտնի երկերը թարգմանվել են վրացերենով:

«Թումանյանական օրերի» մասնակիցներն այցելել են նաև Թբիլիսիի Պետրոս  Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ, ուր նրանց դիմավորել են թատրոնի  դերասաններն ու գեղարվեստական ղեկավարը:

Այցը եզրափակվել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնում հյուրընկալվելով: