«Դեղ` 1 լարիով» ծրագիրը դադարեցվել է

Վրաստանի կառավարության` «Դեղամիջոցներ մեկ լարիով» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է: Առողջապահության նախարարությունը արտոնյալ պայմաններով ձեռք բերվող դեղերը դեղատուն հասցնելու նոր մեխանիզմներ է մշակում: 

Որոշ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց, որ դեղատների ցանցերն այլևս չեն  ստանում 1 լարիի ծրագրում ներառված դեղամիջոցները: Ըստ առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի` դեղամիջոցների դեֆիցիտը կապված է առաքման դադարի հետ, սակայն այդ խնդիրը դեկտեմբերի սկզբին կլուծվի:

«Վերջերս դժվարություններ են ստեղծվել` մոտ 10 անուն դեղամիջոցների գնման գործընթացը ձգձգվել է, ինչն էլ այդ դեղամիջոցների դեֆիցիտի պատճառ է դարձել:Դեպքեր կան, երբ տենդերը տապալվում է, և նոր մրցույթ է հայտարարվում: Հիմա մենք սպասում ենք ներմուծողի հետ համաձայնությունը ձևակերպելու ավարտին», — ասել է Գաբունիան:

Փոխնախարարը նշել է, որ դրանք հիմնականում սրտանոթային հիվանդությունների ժամանակ նշանակվող դեղամիջոցներն են, որոնց պահանջարկը սովորաբար բարձր է: Քիչ է նաև էպիլեպսիայի և Պարկինսոնի հիվանդության համար նախատեսված դեղերի քանակը:

Գաբունիան տեղեկացրել է, որ շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի և թոքերի հիվանդությունների դեղերը հասանելի են շահառուներին:

Հիշեցնենք` Վրաստանի առողջապահության նախարարությունը 2017 թվականի հուլիսի 1-ից սկսել է խրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցների ֆինանսավորման ծրագիր: 

Ծրագիրը  նախատեսված է Վրաստանի քաղաքացիների որոշակի խմբերի համար: 1 լարիով 188 դեղատներում շահառուները կարող են 35 անուն դեղերից մեկն ընտրել և գնել մեկ լարիով: