Խորհրդարանին կից ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհրդատվական խորհուրդ

Վրաստանի խորհրդարանի Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի հիման վրա, Վրաստանում բնակվող ազգային փլոքրամասնությունների հարցերով համակարգված աշխատանք ծավալելու նպատակով, ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհրդատվական  խորհուրդ:
Խորհրդի աշխատանքի հիմնական ուղղությունները լինելու են՝
  • Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների խորհրդարանական գործունեության մեջ առավել ներգրավվման ապահովումը
  • Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի վերաբերյալ պարբերական քաղաքականության  ձևավորում և երկկողմ ինտեգրման նպաստում
  •  Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի ներկայացուցիչների քաղաքական մասնակցության խթանում
  • Վրաստանում բնակվող էթնիկ խմբերի ներկայացուցիչ երիտասարդների աշխատանքի տեղավորման նպաստում ու մշակութային հարաբերությունների խորացում։

Խորհրդում ներգրավված են 16 համայնքների ներկայացուցիչներ: Էթնիկ հայերի խումբը կներկայացնի «Վիրահայերի միություն» ՀԿ-ի հիմնադիր Մարի Առաքելովան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում Առաքելովան պատմում է, որ արդեն իսկ հանդես է եկել մի քանի առաջարկով.

«Մի քանի հարց կա, որի շուրջ նախապես խոսել եմ․ առաջինը Վրաստանի հայերի սփյուռքի ներկայացուցիչների թեման է, բարձրաձայնել եմ նրանց խնդիներն ու մարտահրավերները: Եվս մեկ կարևոր հարց էլ հայաբնակ շրջանների էթնոտուրիզմի բավականին մեծ հեռանկարն է: Ցավոք, այդ շրջաններում էթնոտուրիզմը զարգացած չէ, ցանկալի կլիներ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով զարգացնել այն»:

Լուսանկարը՝ «Վիրահայերի միության» ֆեյսբուքյան էջից