Գավրիլովը չի բացառել Վրաստան վերադարձը

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի վերջին այցը Թբիլիսի բողոքի մեծ ալիք է բարձրացրել, չի բացառել Վրաստան վերադարձը։

Այս մասին նա հայտարարել է Новая газета-ի հետ զրույցում։ «Երբ կցանկանաք վերադառնալ Վրաստան» հարցին ի պատասխան նշել է․ «Հենց վաղը․ մեծ ցանկություն ունեմ Վրաստան վերադառնալու, քանի որ անձնական ծրագրեր ունեմ: Մենք պատրաստվում էինք ուխտագնացության մեկնել Վրաստան: Կուզեի, որ իմ երեխաները այդ երկրի մասին իմանան, քանի որ Վրաստանի նման այլ երկիր մենք չունենք», — հայտարարել է Գավրիլովը՝ հավելելով, սակայն, այս պահին չի պատրաստվում Վրաստան մեկնել «սադրիչներին առիթ չտալու համար»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ հարուցելով քաղաքացիների զայրույթը։ Սկսված բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։