Քննարկվել են հայկական սննդամթերքի և խմիչքների վրացական շուկա արտահանման հնարավորությունները

Հուլիսի 16-ին Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը, հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը մասնակցել են վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի՝ «Ori nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva», «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։

Բացման խոսքում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, նաև նոր գործարար կապերի հաստատման համար։

Սահիկաշարի միջոցով ներկայացվել է Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկներ, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկ, նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալներ։