Վրաստանում փակ տարածքներում ու հասարակական վայրերում ծխելու արգելքից մեկ տարի անց․ ծխախոտի վաճառքը նվազել է 30 տոկոսով

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, ծխախոտի օգտագործումն ու իրացումը սահմանափակող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում` 2018 թվականի մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում 244 խախտում է գրանցվել:

ՆԳՆ-ի տվյալների համաձայն, վարչական օրենսգրքի 171-րդ հոդվածով (ծխախոտ օգտագործելու կանոնների խախտում) նախատեսված իրավախախտումներն ամենից շատ գրանցվել են մայիսին` 101 դեպք, այդ թվում տուգանվել է 84 ֆիզիկական և 17 իրավաբանական անձ:

Վրաստանում հասարակական վայրերում ծխելն արգելված է նախորդ տարվա մայիսի 1-ից: Բոլոր տեսակի փակ տարածքներում (բացի բնակարաններից)՝ հասարակական տրանսպորտում, կրթական հաստատություններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հասարակական վայրերում, հիվանդանոցներում, բենզալցակայաններում արգելվեց ծխելը: Արգելվեց նաև ծխախոտի գովազդը:

Օրենքը, ինչպես հեղինակներն են նշում, միտված է ծխողների թիվը նվազեցնելուն: Օրենքը խախտելով՝ ֆիզիկական անձը տուգանվում 50-100 լարիի, իսկ իրավաբանական անձը` 500-1000 լարիի չափով:

2018 թվականի տվյալներով, Վրաստանում 1.1 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ծխախոտի պատճառած վնասից տարեկան 11 հազար մարդ է մահանում, իսկ 3 հազար մարդ` պասիվ ծխելուց: Ընդ որում, ծխողների 40 տոկոսը ցանկանում է հրաժարվել ծխախոտից:

Հատկանշական է, որ տևական ժամանակ տեղեկատվություն էր տարածում, թե ռեստորանները կարող են լիցանզավորում ստանալ, որից հետո կթույլատրվի այդ հաստատությունում ծխել: Սակայն, ծխախոտի վերահսկման դաշինքի ներկայացուցիչները հետագայում հայտարարեցին, թե նշվածը ոչ ավելին է, քան մեքենայություն: Իսկ հաստատությունները, որոնց եկամտի առնվազն 15 տոկոսը կապված է սիգարների վաճառքի հետ և առանձնացված են, ծխախոտ օգտագործելը թույլատրելի է:

Հատկանշական է նաև, որ ծխախոտի վերահսկման մասին օրենքի ընդունումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի լոբբինգի արդյունքում: Օրենքն ընդունելուց հետո ՄԱԿ-ը ողջունել էր փոփոխությունները:

Սակայն, Վրաստանում վերջին շրջանում ծխախոտը զգալիորեն թանկացել է: Թանկացումները կապված են միջազգային պարտականությունների հետ:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը Վրաստանին մի քանի անգամ կոչ է արել ծխախոտի աքցիզային հարկը համապատասխանեցնել եվրաստանդարտներին: Այս մասին խոսվում է նաև Եվրահանձնաժողովի երրորդ զեկույցում` Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրով պարտավորությունների վերաբերյալ: Դրանից հետո, օրեր առաջ, Վրաստանում ծխախոտի գինը նորից թանկացավ` միջինը 0.5 լարիով: Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն ասում է, որ 2024 թվականին ընդառաջ բոլոր տեսակի ծխախոտային աքցիզների գները կբարձրանան, որի նպատակը ծխախոտ օգտագործողների թվի նվազեցումն է:

Ի դեպ, ծխախոտի թանկացումը նույնպես կապված է Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցման հետ: Եվրահանձնաժողովի երրորդ զեկույցում նշվում էր, որ Վրաստանի առաջխաղացումը չնչին է ինչպես ծխախոտի վերահսկման, այնպես էլ ծխախոտի ապօրինի վաճառքի տեսանկյունից:

Նոր կանոնակարգեր ընդունելուց հետո ծխախոտի արդյունաբերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 30 տոկոսով: Այս մասին հայտարարել է «Բրիթիշ Ամերիքան Տոբակոս» կորպորացիայի տնօրեն Զվիադ Սխվիտարիձեն: Ըստ նրա, սիգարետի վաճառքի նվազեցման հետ մեկտեղ ավելացել է ծխախոտի վաճառքն ու ապօրինի վաճառքի ցուցանիշը:

Հատկանշական է նաև, որ տարածաշրջանի այլ երկրների համեմատ, այդ թվում նաև Հայաստանի, Վրաստանում ծխախոտի ակցիզը մոտ մեկ ԱՄՆ դոլարով ավել է:

Նշենք նաև, որ ծխախոտի հումքը 7-8 անգամ ավելի էժան է ներկրված սիգարետներից, չնայած դրանց որակը ստուգման չի ենթարկվում: