Վրաստանը բիզնես վարելու համար լավագույն երկրների ցանկում առաջ է անցնում հարևաններից

«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է «գործարարության համար լավագույն երկրների ցանկը», որում Վրաստանը 46 երկրի շարքում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։

EuCham-ը ուսումնասիրությունն իրականացնում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսների վրա։

Վրաստանը վերջին հրապարակման մեջ 2 միավորով բարելավել է դիրքերը՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից։ Հարևան Թուրքիան 34-րդ տեղում է, Հայաստանը՝ 39, Ռուսաստանը՝ 42, Ադրբեջանը՝ 44։

Նկատենք, որ Վրաստանը օրերս հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում ևս առաջ է անցնում հարևաններից։