Տեսանյութ. Հազարավոր տուփ մաքսանենգ ծխախոտ է առգրավվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներում առգրավել է ավելի քան  4 հազար տուփ առանց ակցիզի  ծխախոտ և ծխախոտային ապրանք:

Մի քանի մեքենայից հայտնաբերվել է 2000-ից ավել մի քանի անուն առանց ակցիզ ծխախոտ և էլէկետրոնային ծխախոտների համար նախատեսված  Heets ապրանքանիշի 1800-ից ավելի ծխախոտանյութի տուփ:

Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքն ավելի քան 14 հազար լարի է (5,3 հազար դոլար): Հարուցված քրեական գործով` մեղավորներին 4-6 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք` Վրաստանում այս տարվա ընթացքում ծխախոտն արդեն 2 անգամ թանկացել է: Առաջինը` հունվարի սկզբին, 0,5 լարիով (19 ցենտ), երկրորդ անգամ` այս շաբաթվա սկզբին, նույնպես միջինը 0,5 լարիով:

Թանկացման պատճառը Վրաստանի խորհրդարանի կողմից 2018-ի դեկտեմբերին հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնց արդյունքում 10-30 տոկոսով ավելացել է ծխախոտային հարկը: Այս կերպ իշխանությունը փորձում է պայքարել ծխախոտային կախվածության դեմ, ընդդիմախոսներն, ընդհակառակը, հավաստիացնում են, որ երկրում ծխախոտի գնաճը հանգեցնելու է մաքսանենգ ճանապարհով ապրանքի ավելացմանը: