Գազի արտահոսքի զգայասարքերի տեղադրումը պետք է պարտադիր դարձնել․ Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է խստացնել բնական գազի օգտագործման կանոնները՝ պարտադիր դարձնելով անվտանգության համակարգերի տեղադրումը։

Կալաձեն անդրադարձել է Մեծ Դիղոմիում բնական գազի արտահոսքի պատճառով նախօրեին տեղի ունեցած պայթյունին: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառ ը3-րդ հարկի բնակարանի գազի արտահոսքն է եղել:

Պատահարի հետևանքով, տուժել է 8 մարդ, իսկ շենքի բնակիչները ստիպված ժամանակավորապես տեղափոխվել են հյուրանոց, որպեսզի շենքում ստուգումներ իրականացվեն։

Թբիլիսիի քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին լինել ավելի զգույշ՝ նշելով, որ ապօրինի մոնտաժված ջեռուցիչները լուրջ խնդիր են հանդիսանում:

Կալաձեն կարծում է՝ հարցը լուծելու համար պետք է պարտադիր դարձնել գազի արտահոսքի զգայասարքերի (դետեկտոր) տեղադրումը յուրաքանչյուր բնակարանում։