Ղարիբաշվիլին անդրադարձել է Սաակաշվիլիի Վրաստան այցին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Վրաստան ժամանելու մասին պարբերական դարձած հայտարարությունները քննարկման առիթ են դարձել իշխանությունների համար։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Սաակաշվիլիի ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Սաակաշվիլին արդեն ութ տարի է «սպառնում է գալով, սակայն չի կարող գալ, որովհետև վախկոտ է, գիտի, որ բանտում է հայտնվելու: Միխոն ասել է, որ գալիս է՞, հենց գա՝ կհայտնվի բանտում»:

«Սա երաշխավորում ենք օրենքի ու պետության անունից: Իհարկե, Սաակաշվիլին մեղադրյալ է, նա արժանի է ճաղերի հետևում հայտնվելուն հենց այն պատճառով, որ անհարթելի հետևանքներ ու վնասներ է հասցրել մեր երկրին: Բացի այս էլ, կոչերը, որ ժողովուրդը փողոց դուրս կգա ու կպաշտպանի իրեն, սուտ է ու կեղծիք»,- նշել է վարչապետը:

Ըստ Ղարիբաշվիլիի, Սաակաշվիլին  Վրաստանում կհանդիպի իրենից վիրավորված ու վրդովված տասնյակ հազարավոր քաղաքացիների։

Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Վրաստանում հետախուզման մեջ է,  բազմիցս խոստացել է Վրաստան ժամանել։ Վերջին անգամ այս մասին  նախկին նախագահը խոսել է նախօրեին՝ հրապարակելով հոկտեմբերի 2-ին կայանալիք Կիև-Թբիլիսի չվերթի իր տոմսի լուսանկարը: