Ղարիբաշվիլին դատապարտում է Իսրայելի վրա հարձակումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) արձագանքել է Իսրայելի վրա հարձակմանը և համերաշխություն հայտնել Իսրայելի պետությանը։

«Ես խստորեն դատապարտում եմ սարսափելի ահաբեկչական հարձակումը Իսրայելի պետության և Իսրայելի քաղաքացիների վրա` մարդկային կորուստներով և բազմաթիվ մարդկանց ծանր վնասվածքներով:

Սրտանց ցավակցում եմ Իսրայելի պետության կառավարությանն ու ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր:

Սա ամենամեծ միջադեպն է 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո։ Առայժմ հաղորդվում է առնվազն 44 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին։