Ղարիբաշվիլին ընդունել է Սերբիայի ԱԺ նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վլադիմիր Օրլիչին, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆյսբուքյան էջը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների աճող դինամիկան։ Կարևորվել է երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի հետագա խորացումը, դրական է գնահատվել ապրանքաշրջանառության աճող ծավալը:

Հանդիպմանը նշվել է նաև, որ Վրաստանն ու Սերբիան ունեն ընդհանուր ձգտում, այն է՝ Եվրամիության լիիրավ անդամակցությունը։ Ընդգծվել է նաև, որ այս ուղղությամբ երկու երկրներն արդյունավետ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափով։

«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Օրլիչին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Սերբիայի անմնացորդ աջակցության համար և հաստատել Վրաստանի հստակ դիրքորոշումը Սերբիայի տարածքային ամբողջականության հարցում։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, Ազգային ժողովի փոխնախագահ, եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Էլվիրա Կովաչը, Սերբիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դուբրավկա Փիլիպովսկին, վրացական կողմից՝ Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: