Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման հիմնական թեմաները Վրաստանին ԵՄ անդամակցության հեռանկար տրամադրելու Եվրոպական խորհրդի որոշումը և երկու երկրների միջև առկա գործընկերությունն է եղել:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը կարևորվել է Ֆրանսիայի՝ որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի դերը և եվրաինտեգրման գործընթացում Վրաստանին Ֆրանսիայի աջակցության կարևորությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, եվրոպական ու եվրատլանտյան նկրտումներին աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ֆրանսիայի միջև դինամիկ և ինտենսիվ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Արտահայտվել է առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Ղարիբաշվիլին Էմանուել Մակրոնին Վրաստան է հրավիրել: