Ղարիբաշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքը» բոլոր քաղաքներում և մունիցիպալիտետներում կհաղթի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, «Վրացական երազանքի» թեկնածուն այլընտրանք չի ունենա ոչ մի քաղաքում և մունիցիպալիտետում:

«Մեր թեկնածուն այլընտրանք չի ունենա Թբիլիսիում, ցանկացած քաղաքում, ցանկացած մունիցիպալիտետում: Մենք համոզիչ հաղթանակ կտանենք բոլոր քաղաքներում, մայրաքաղաքում, ամենուր», — լրագրողների հետ զրույցում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին: Մայրաքաղաքը ղեկավարելու համար իշխող կուսակցությունից կպայքարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:

Այս ամենին զուգահեռ, Վրաստանի ընդդիմությունը սկսել է քննարկումներ` ՏԻՄ ընտրություններում ընդհանուր ընդդիմադիր թեկնածուներ առաջադրելու համար: Ընդդիմության մի մասը կողմ է ընդհանուր թեկնածուներով իշխող կուսակցության դեմ պայքարելուն, իսկ մի մասը կարծում է, որ առանձին մասնակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել:


2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները տարբերվում են նման այլ ընտրություններից նրանով, որ դրանց արդյունքներն ուղղակիորեն որոշում են ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճակատագիրը: Եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, ապա 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: