Ղարիբաշվիլին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 18-20-ը կմասնակցի Մյունխենում կայանալիք անվտանգության համաժողովին։

Նշվում է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու հրավերը Ղարիբաշվիլին ստացել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերից։

«Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման համաշխարհային առաջատար ֆորումն է։ Ամեն տարի փետրվարին միջոցառումը համախմբում է ավելի քան 450 բարձրագույն որոշումներ կայացնողների և առաջնորդների ամբողջ աշխարհից՝ քննարկելու միջազգային անվտանգության քաղաքականության ամենահրատապ խնդիրները»,- ասված է Վոլֆգանգ Իշինգերի Վրաստանի վարչապետին հղած նամակում։

Նամակում նաև նշվում է, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պատճառով միայն անցյալ տարի չի կայացել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը։ Սակայն, դա փոխարինվել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք անց են կացվել առցանց ձևաչափով և կոչվել են «Ճանապարհ դեպի Մյունխեն»։

«Այս ամենի նպատակն էր անվտանգության քաղաքականության շուրջ երկխոսություն հաստատել միջազգային որոշում կայացնողների միջև և հիմք դնել 2022 թվականի փետրվարյան բանավեճի համար։ 2022 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային հանրությանը կառաջարկի շատ եզակի հնարավորություն՝ փոխանակելու բարձր մակարդակի գաղափարներ՝ նրանց միջև ռազմավարական բանավեճի միջոցով»,- ասված է Վոլֆգանգ Իշինգերի նամակում։

Նշվում է, որ կլինեն երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի հիմնական ծրագրի ձևաչափով բանավեճը կհարստացվի միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող բազմաթիվ զուգահեռ միջոցառումներով։ Բնականաբար, համաժողովի ձևաչափն ու ծրագիրը կհամապատասխանեցվեն առողջապահության և անվտանգության գործող կանոնակարգերին: