Գինտուրիի սպանությունը բռնության ակտ է էթնիկ վրացիների նկատմամբ. Դարչիաշվիլի

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ լիագումար նիստում, Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը էթնիկ վրացիների նկատմամբ հերթական բռնության ակտ է որակել:

«Վերջերս Գորիի մունիցիպալիտետի հայրենի Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից քաղաքացիական անձ Թամազ Գինտուրիի սպանությունը հերթական բռնության ակտն է էթնիկ վրացիների նկատմամբ»,- radiotavisupleba.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Դարչիաշվիլին խոսել է շարունակվող օկուպացիայի մասին, որով, ըստ նրա՝ Ռուսաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. «Օկուպացված տարածքներում ապրող մարդիկ մարդու իրավունքների լուրջ խախտումների զոհ են դառնում։ Նրանք  մեկուսացված են հարազատներից, գյուղատնտեսական հողերից, աղոթատեղիներից, զրկված են տեղաշարժվելու իրավունքից, տարրական կարիքների հասանելիությունից։ Անօրինական ձերբակալություններն ու առևանգումները աճող պրակտիկա են, որը վտանգի տակ է դնում նրանց առողջությունն ու կյանքը»:

Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Վրաստանի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը, և որ այդ մոտեցումը հիմնված է երկու հիմնական սյուների վրա՝ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքների ապաօկուպացման և պառակտված հասարակության հաշտեցման վրա։

Նա նաև խոսել է միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին և հայտարարել, որ Վրաստանը կշարունակի լինել Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին։

Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ընթանում է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ նիստը։

Ի դեպ, նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ ռուս զինվորների կողմից սպանվել է 58-ամյա Թամազ Գինտուրին, իսկ 33-ամյա Լևան Դոթիաշվիլին առևանգվել է։ Երեք օր տևած բանակցություններից հետո Դոթիաշվիլին նոյեմբերի 9-ին ազատ է արձակվել։