Թամազ Բորաշվիլին` Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար

Թամազ Բորաշվիլին ընտրվել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) 6-րդ ղեկավար՝ 6 տարի ժամկետով․ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՊԱԾ նոր ղեկավարի պաշտոնում Թամազ Բորաշվիլիի թեկնածությունը ներկայացրել էր սեպտեմբերի 14-ին․ մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն պաշտոնը թողել է սեպտեմբերի 14-ին։ Նա հայտարարել է, որ քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքում գործունեությունը կշարունակի այլ գերատեսչությունում։ Գելաձեն նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ։

Օրենսդրության համաձայն՝ Պետական անվտանգության ծառայության ղեկավարին խորհրդարանը հաստատել է 6 տարի ժամկետով։ Ի դեպ, վերջին մեկուկես տարվա ընթացքում ՊԱԾ ղեկավարի ընտրության հարցը խորհրդարանի օրակարգում ներառվել է չորրորդ անգամ։