Գիորգի Քաջաիան՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ մարտի 11-ին, կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է մի շարք կադրային փոփոխությունների, այդ թվում՝ Գիորգի Քաջաիային Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն դարձել է վարչապետի խորհրդական։

Գիորգի Քաջաիան Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Վրաստանի շահերի բաժնի ղեկավարն էր։ Մինչ այդ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի նոր ղեկավար է նշանակվել Մամուկա Մերկվիլաձեն։

Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի վերջից։ Նա բանակցություններ է վարել «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով։

Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Զուրաբ Աբաշիձեին այդ պաշտոնում հաջող աշխատանքի համար: