GORBI-ի հարցումը՝ «քարոզչական գործիք»

GORBI հետազոտական ինստիտուտ-ընկերության կողմից անցկացված հարցումը մեծ արձագանք գտավ ինչպես հասարակական ու միջազգային կազմակերպությունների շրջանում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Հասարակության մի մասը և որոշ կազմակերպություններ հարցումը որակեցին «ապատեղեկատվության տարածման միջոց»։

Հարցումը ներառում է նման հարց․ «Եթե արևմուտքը Վրաստանին խնդրի ներգրավվել պատերազմի մեջ, ինչպիսի՞ն պետք է լինի Վրաստանի դիրքորոշումը», որին հարցվածների 86,3 տոկոսը պատասխանել է․ «Վրաստանը չպետք է ներգրավվի պատերազմի մեջ»։ Մեկ այլ հարց պարունակում է հետևյալ բովանդակությունը․ «Ամենաշատն ով է հետաքրքրված Վրաստանում պատերազմի երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ», հարցվածների մեծամասնության պատասխանն է՝ «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը։

Վրաստանում գործող ISFED (Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն) ընկերությունը այս հարցումը որակեց «քարոզչական գործիք»․

«Որոշ հարցերի ձևակերպումը չի համապատասխանում վավերականության չափանիշներին, և նպատակ ունի ոչ թե ուսումնասիրել հասարակական կարծիքը, այլ այն շահարկել և այդպիսով քարոզչական գործիք է։ «Իմեդի»-ի պատվիրած հետազոտության այս հատվածը փորձ է արվում հասարակական կարծիքի վերածել հակաարևմտյան հռետորաբանությունը», — ասված է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ։

ISFED ընկերության համաձայն` հարցի նման ձևակերպումը մեծացնում է Վրաստանում ռուսական ագրեսիայի վտանգը․

«Ռուսական քարոզչամեքենան մեծ ռեսուրսներ է ծախսում իր ռազմական ագրեսիան կոծկելու և թիրախ երկրներում հասարակական կարծիք ստեղծելու համար։ Այս սպառնալիքների ֆոնին, փոխանակ պետությունն ամեն ջանք գործադրի ռուսական քարոզչությանը հակազդելու համար, իշխանամետ լրատվամիջոցներն անհեթեթ վախերի շուրջ հանրային կարծիքը մերկացնելու մանիպուլյատիվ միջոցներով աջակցում են ռուսական ապատեղեկատվության տարածմանը»։

Սոցիոլոգները կարծում են, որ այս հետազոտությունը չի համապատասխանում մասնագիտական ​​չափանիշներին, քանի որ նմանատիպ ձևակերպված հարցերն ինքնին պարունակում են պատասխաններ և, միևնույն ժամանակ, հիմնված չեն իրականության վրա և կրում են հիպոթետիկ բնույթ։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում ևս նշում է, որ հարցումը քաղաքական տեխնոլոգիայի մաս է կազմում․

«Բազմիցս նշել եմ, և ևս մեկ անգամ կասեմ, որ այս հարցերի նպատակը մանիպուլացնելն է հասարակությանը, նույնն է թե հարցնենք «մայրիկիդ ես շատ սիրում, թե՞ հայրիկիդ»։ Հարցերը մտածված են այնպես, որ մարդը չկարողանա էլ հասկանալ հարցի իմաստը, և ստիպված ընտրի որևէ թվարկված տարբերակ, արդյունքում քո իսկ ուղեղը օգտագործում են քո դեմ», — նկատում է Մելաշվիլին։

Մելաշվիլին նշում է, որ դրված է խնդիր, հասկանալ, թե ինչ նպատակներով են «օգտագործում մեր ուղեղը» և ազատվել «հոգեբանական ստրկությունից»։

«Հատկապես վերջին դեպքից հետո, երբ ԵՄ-ը Վրաստանին չշնորհեց թեկնածուի կարգավիճակ, կարող եմ վստահաբար նշել, որ նման հակաարևմտյան գործողությունները խոչընդոտում են Վրաստանին`  եվրամիություն ճանապարհին, հասարակության կարծիքը, ըստ իս, արևմտամետ է, սակայն երբեմն նման քարոզչությունները բացասական են  ազդում», — ասում է Մելաշվիլին։

CRRC – Վրաստան հարցումների կենտրոնի տնօրեն սոցիոլոգ Կոբա Թուրմանիձեի խոսքով, «Իմեդի»-ի հրապարակած հետազոտությունն իշխող կուսակցության արտահայտած «որոշ ուղերձների» շարունակությունն է, դա քարոզչության մաս է ու կապ չունի հետազոտության կամ սոցիոլոգիայի հետ․

«Ընդհակառակը, դա միտված է շփոթեցնելու, պառակտելու, մանիպուլյացիայի ենթարկելու հասարակությանը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 13-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հեռարձակվեցին GORBI (Georgian Opinion Research Business International) ընկերության հետազոտության արդյունքները։