Գործակալություն` «Վրացական երազանք» կուսակցության նախագահի կնոջ համա՞ր

Վրաստանի «Հետաքննող լրագրողների միություն» ifact.ge-ի փոխանցմամբ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջ՝ Նատալյա Մոծոնելիձեի ղեկավարած «Պետական ​​և մասնավոր համագործակցություն» (PPP) գործակալությունը չի կատարել իր առջև դրված գործառույթները, ըստ որոնց` պետք է երկրի համար հաջող և շահավետ ներդրումներ ներգրավեր։

Ըստ ifact.ge-ի՝ 2022 թվականին պետական բյուջեից 269 հազար լարի է հատկացվել մի գործակալության, որը չի աշխատում։ Ստացած գումարից 182 հազար լարին ծախսվել է միայն գործակալության նախագահի, ավագ վերլուծաբանի և վարչական ղեկավարի աշխատավարձի վրա։

Գործակալության նախագահի պաշտոնի համար 2021-2022 թվականներին Մոծոնելիձեն ստացել է 93 հազար լարի աշխատավարձ։

«Հասկանալի է, որ գերատեսչությունը չի կարող մանրակրկիտ կատարել իրեն վերապահված գործառույթները…

Գործակալության տարեկան հաշվետվություններում կարող ենք կարդալ, որ հարյուրավոր համակարգող հանդիպումներ են տեղի ունեցել պոտենցիալ ներդրողների, պետական ​​կառույցների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ. մասնակցել է կոնֆերանսների, ստեղծել հանրային փաստաթղթեր: 2022 թվականին քննարկվել են 1,580 մլն դոլարի ներդրումային ծրագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, PPP գործակալության նպատակներն են՝ աղքատության հաղթահարում, բարեկեցության բարձրացում, վստահելի ներդրումային պրակտիկաների ստեղծում և բիզնես միջավայրի բարելավում:

Գործակալությունը փորձում է նախագծեր գտնել նորարարական և թվային տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և կրթության ոլորտում։

Նշենք, որ «Պետության և մասնավոր համագործակցության մասին» օրենքն ընդունվել է 2018 թվականի մայիսին։ Մեկ տարի անց՝ 2019 թվականի փետրվարին, սկսել է գործել «Պետություն և մասնավոր համագործակցություն» գործակալությունը, որը հաշվետու է Վրաստանի վարչապետին։ Վարչապետն է նշանակում և ազատում նաև PPP-ի նախագահին։

2021 թվականի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անմիջապես գործակալության ղեկավար է նշանակել Նատալյա Մոծոնելիձեին։ Մինչ այդ երկու տարի Մոծոնելիձեն եղել է PPP-ի նախագահի տեղակալն ու նախագահի պաշտոնակատարը։

Մոծոնելիձեն մասնագիտությամբ իրավաբան է։ 2008 թվականից դասախոսում է Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2016-2019 թվականներին եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի որակի ապահովման բաժնի վարիչ և ռեկտորի խորհրդական։

Ավելին՝ սկզբնաղբյուր նյութում: