Նախկին զինվորականները դիմել են ԱՄՆ նախագահին՝ խնդրելով փրկել Սաակաշվիլիին

Ամերիկա արտագաղթած նախկին ռազմական վետերանները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։

Նրանք նամակում նշել են, որ նախագահ Սաակաշվիլին ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով Վրաստանի նախագահի լիազորությունները փոխանցել է իր իրավահաջորդին: Այնուամենայնիվ, Վրաստանի նոր կառավարությունը միավորվեց Ռուսաստանի հետ և սկսեց արշավ՝ քաղաքականացնելու հիմնական պետական ​​կառույցները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը:

«Շատերին կանչեցին հարցաքննության և ստիպեցին ցուցմունք տալ, որ Սաակաշվիլին չհրահրված հարձակում է գործել Ռուսաստանի վրա: Մեզանից շատերը չկարողացան ծառայությունը շարունակել՝ ներկայիս կառավարության հռետորաբանության պատճառով:

Միխեիլ Սաակաշվիլին միակ քաղաքական առաջնորդն է, որ 2008 թվականին կանխատեսել էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Քանի որ Ուկրաինայի հաղթանակը կնշանակի արևմտյան արժեքների և ժողովրդավարության հաղթանակն աշխարհում բռնապետության և ահաբեկչության նկատմամբ, Սաակաշվիլիի մահը աղետ ու հուսահատություն կբերի նրանց, ովքեր հավատում են ԱՄՆ-ի և ԵՄ ինստիտուտներին… Ե՛վ վրացական, և՛ ռուսական հեռուստաընկերությունները բացահայտորեն ծաղրել են երրորդ նախագահին՝ օգտագործելով կեղծ մեղադրանքներ և տեսագրություններ։ Այս զազրելի գործողություններն իրականացրել է մի կառավարություն, որը փորձում էր վարկաբեկել Սաակաշվիլիին՝ Պուտինի բարեհաճությունը շահելու համար»,- նշված է նամակում։

Նամակում նաև նշել են, որ Սաակաշվիլին գտնվում է սարսափելի վիճակում և բժշկական օգնություն չի ստանում, ինչը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը.

«Վրաստանի կառավարությունն անտեսում է նրան անհապաղ ազատ արձակելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու եվրոպական հանրության կոչերը։ Խնդրում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել երրորդ նախագահի հոգեկան ու ֆիզիկական վիճակի վատթարացման վրա և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար»:

Նրանք նշել են, որ վիրավորված են նախկին գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից։