2025 թվականին Վրաստանում գործարկվել է արագության վերահսկման 38 հատված, որոնց շրջանակներում հսկվում է 170 կմ ճանապարհահատված։ Այս տեղեկությունը տարածել է «112» ծառայությունը։
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ Վրաստանի ողջ տարածքում գործում է արագության վերահսկման 658 հատված։
«Հանցավորության կանխարգելման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Վրաստանի ողջ տարածքում Ներքին գործերի նախարարության միասնական ցանցին միացված է 8886 տեսախցիկ, այդ թվում՝ 2515-ը համարանիշների ճանաչման, իսկ 6371-ը՝ ընդհանուր տեսադաշտի տեսախցիկներ։
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքի հիման վրա տեսախցիկների տեղադրման վայրերում տեղադրված են ճանապարհային զգուշացնող նշաններ, որպեսզի վարորդները նախապես տեղեկացվեն տեսահսկման մասին։
ՆԳՆ-ի «Անվտանգ քաղաք, անվտանգ տարածաշրջան, անվտանգ երկիր» նախագծի շրջանակներում, հանցագործությունների և երթևեկության կանոնների խախտումների արդյունավետ կանխարգելման ու ճանապարհային անվտանգության ամրապնդման նպատակով, 2017 թվականի նոյեմբերի 1-ից ավտոմատացված ռեժիմով գործարկվել է «խելացի» տեսախցիկների համակարգը, որը հնարավորություն ունի ավտոմատ կերպով արձանագրելու 5 ամենատարածված վարչական իրավախախտումները, մասնավորապես՝
- Լուսացույցի կարմիր լույսի տակով անցնելը,
- Հոծ գծի հատումը,
- Մունիցիպալ տրանսպորտի (ավտոբուսի) գծով երթևեկելը,
- Երթևեկության հակառակ ուղղությամբ ընթանալը,
- Սահմանված արագության գերազանցումը։