Ես գրում եմ վրացերեն. մրցույթն ավարտվել է, հաղթողները պարգևատրվել են

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ապրիլի 14-ին մայրենի օրվան նվիրված միջոցառման ընթացքում պարգևատրել է «Ես գրում եմ վրացերեն» մրցույթի հաղթողներին:

Մրցույթը հայտարարվել էր մի քանի շաբաթ առաջ, ոչ վրացալեզու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների համար: Մրցույթի նպատակն էր պետական լեզվի տարածումը, էթնիկ փոքրամասնությունների շրջանում վրացերենի նկատմամբ հետաքրքրվածության ավելացումը։

Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում պետնախարարը շնորհավորել է ներկաներին և խոսել լեզվի կարևորության  ու այն տարածելու և պահպանման  հարցում երիտասարդության մեծ դերի մասին:

Ինչ վերաբերում է մրցույթին, այն տեղի է ունեցել երեք փուլով: Եզրափակիչ փուլում մասնակիցները գրող Բեքա Քուրխուլիի ստեղծագործության հատվածի թելադրություն են գրել: Հաղթողները երեքն են՝ Այտան Մեխտիևան, Մանուշակ Վարդանյանը և Անաստասիա Մինասովան: Նրանք պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով:

Մրցույթն անցկացվել է Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: