Գրեթե 50 տոկոս ակտիվություն. ԿԸՀ-ի ճեպազրույցը

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 1 024 406 ընտրող, որը կազմում է գրանցված ընտրողների 49,9%-ը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին։

Նշվում է, որ Թբիլիսիում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 47,7 տոկոսը՝ 478 642 ընտրող։

ԿԸՀ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ամենաբարձր ակտիվությունը կրկին Ռաճա-Լեչխումում է՝ 59,9%, մինչդեռ ամենացածր ակտիվությունը շարունակում է մնալ Մցխեթա-Մթիանեթում՝ 43,2%:

Նաթիա Իոսելիանիի խոսքով՝ որոշ դեպքերում արձանագրվել են ընթացակարգային թերություններ, սակայն դրանք պատճառ չեն դարձել քվեարկության գործընթացը դադարեցնելու համար։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին ակտիվության և քվեարկության գործընթացում կարգավորումների պահպանման համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին և աշխատակազմին՝ քվեարկության օրը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասել է Իոսելիանին:

Տեղամասային ամփոփ արձանագրությունները կազմելուց հետո դրանք հանձնվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին և վերջիններիս կողմից սկանավորվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում ուղարկվում են ԿԸՀ և տեղադրվում results.cec.gov.ge կայքէջում: