Գրիգորիադիսին ազատ արձակելու պահանջով ցույց են անցկացրել

Ակտիվիստները մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսին ազատ արձակելու պահանջով Եվրախորհրդարանի դիմաց ցույց են անցկացրել, գրել է formulanews.ge լրատվականը:

Ակտիվիստների կարծիքով, Գրիգորիադիսը բանտում է իր տարբերվող տեսքի պատճառվ. «Իրակլի Ղարիբաշվիլին վիրավորել է նրան, անվանել «սատանիստ», «կեղտոտ», Իրակլի Կոբախիձեն նրան անվանել է «կողմնորոշումը կորցրած»: Լազարեն ընդդեմ ռուսական օրենքի մարտյան բողոքի ակցիայի խորհրդանիշն է: Եթե մենք ուզում ենք եվրաինտեգրում, պետք է Վրաստան բերել եվրոպական արժեքներ, ինչը նշանակում է, որ մենք չպետք է ունենանք քաղբանտարկյալներ, և ոչ ոք չպետք է բանտարկվի տարբերվող տեսքի պատճառով: Ազատություն Լազարեին»,- նշել են ակցիայի մասնակիցները։

Ի դեպ, 2023 թվականի մարտի 31-ին դատարանը 21-ամյա Գրիգորիադիսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է ազատազրկումը։ Նա ձերբակալվել է մարտի 29-ին: Ըստ ՆԳՆ-ի, նա քարեր և, այսպես կոչված, մոլոտովի կոկտեյլներ է նետել ոստիկանների ուղղությամբ: