Գուդաուրիում զոհվածների քաղաքացիական հոգեհանգիստը՝ Սամեբայում

Գուդաուրիի մերձակայքում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների, փրկարարների և բժիշկների քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Թբիլիսիի Սամեբայի (սբ. Երրորդություն) մայր տաճարում օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ից 14:00-ը:

ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ հոգեհանգստի արարողությունից հետո ՆԳՆ սահմանային ոստիկանության զոհված օդաչուներին և ԱԻ փրկարար ծառայության փրկարարներին կհուղարկավորեն ընտանեկան գերեզմանատներում։

Նշենք, որ հուլիսի 29-ին Գուդաուրիում պարապլաներ վարելիս 2 մարդ ընկել է ժայռոտ լանջին։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել է սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն աշխատանքների ժամանակ հետևի պտուտակով դիպչել է ժայռին, կորցրել է կառավարումը, ընկել ձորն ու պայթել:

Ուղղաթիռում եղել է անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ՝ ընդհանուր ութ մարդ. բոլորն էլ մահացել են։

Մահացել է նաև պարապլանի օտարերկրյա ուղևորը, նրա հետ եղած վրացի հրահանգիչը ողջ է մնացել, տեղափոխվել է կլինիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր էր հայտարարվել։

Ուղղաթիռի վթարման գործով քննությունը շարունակվում է

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել