Հակահայկական ալի՞ք․ Ախալցիխեում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները

Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում:

Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը հանգիստ չի անցել նաև Ախալցիխեում: Տեղի ունեցածի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Սամցխե-Ջավախք լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը.

«Ախալցիխեի շրջանի Տավառնի թաղամասում են ապրում թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև ազգությամբ մի քանի ադրբեջանցի ընտանիք, ու հենց այդ ադրբեջանցիներից մեկը (քաղաքը այդքան էլ մեծ չէ, երիտասարդները ճանաչում են միմյանց) ապրիլի 23-ին ջահերով երթից մոտ մեկ ու կես ժամ առաջ մուտք է գործել Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և երբ հայ երիտասարդները մոտեցել են նրան՝ իմանալու, թե ինչի է եկեղեցի մտել, այդ պահին հայտնվել են հատուկ ծառայության ներկայացուցիչները, և, ինչպես երիտասարդներն են ասում, սկսեցին նկարահանել», — պատմում է Այվազյանը:

Ըստ Այվազյանի՝ նա հարգանքով է վերաբերվում հատուկ ծառայության աշխատանքին, սակայն նրանց գործելաոճն այս դեպքում անհասկանալի է: Սրա հետ մեկտեղ, ըստ Այվազյանի, ջահերով երթի ամբողջ ընթացքում հատուկ ծառայության աշխատակիցները մեքենաներով ուղեցում էին և բացահայտ նկարահանում ամբողջ ընթացքը: Ինչքան էլ զարմանալի է, այդ ամենն արվում էր բացահայտ ձևով: Այվազյանն ասում է, որ հատուկ ծառայության աշխատակիցներից մի քանիսին տեղացիներն անձամբ ճանաչում են, և բացառվում է, որ շփոթեն:

«Ախալցիխեի շրջանի բոլոր դպրոցներին այս տարի ևս հատուկ զանգել է ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն և զգուշացրել, որ մինչև դասերի ավարտը հանկարծ չհեռանան դպրոցներից, այն դեպքում, որ նույն ղեկավարը ապրիլի 9-ի կապակցությամբ զանգել և ճիշտ հակառակն էր հրահանգել, որ պարտադիր մասնակցեն ապրիլի 9-ի միջոցառումներին», — ասում է Այվազյանը՝ հավելելով, որ համեմատելի չեն դեպքերը, սակայն հայկական դպրոցները պետք է այս օրվա կապակցությամբ ինչ-որ միջոցառումներ անեն:

Անդրադառնալով տեղական վրացալեզու լրատվամիջոցների հայկական թեմաներով նյութերի ներքո գրված մեկնաբանություններին, Այվազյանն ասում է՝ նույնիսկ հատուկ ծառայության ներկայացուցիչներին է խնդրել, որ հետևեն այս ամենին և ինչ-որ կերպ կասեցնեն այս հակահայկական ալիքը: