Հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի արդարադատության նախարարները

Վենետիկում կայացել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի և Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի   հանդիպումը: Նախարարների հանդիպմանը քննարկվել են շարժական արդարադատության տների և ծառայությունների ոլորտի այլ նորարարական նախագծեր, հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։

Վրաստանի արդարադատության նախարարը Վենետիկում մասնակցում է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին։

Ռատի Բրեգաձեն Կարեն Անդրեասյանին է ներկայացրել արդարադատության նախարարության զարգացման տասնամյա ռազմավարությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև արդարադատության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախարարները պայմանավորվել են հաջորդ տարվա հունվարից Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունն էլ ավելի ակտիվացնել, իսկ փետրվարին նախատեսվում է հայ-վրացական իրավական ֆորում անցկացնել:

Հայաստանի արդարադատության նախարարն ընդգծել է՝ «հիացած է շարժական արդարադատության տների վրացական մոդելով, որը նորամուծություն է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում ծառայությունների մատուցման ոլորտում»։ Կարեն Անդրեասյանը Վրաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան:

Երկօրյա նախարարական հանդիպումների շրջանակներում Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպումներ է ունեցել Իտալիայի, Հունգարիայի և Ադրբեջանի արդարադատության նախարարների հետ։ Նախարարականն իր աշխատանքը կավարտի այսօր։