Հայ և վրաց գործարարները հանդիպել են Մոսկվայում

Մոսկվայում, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակության մասնակացությամբ, հանդիպել են հայ և վրացի մի խումբ գործարարներ։

Հանդիպումը նպատակ ուներ կյանքի կոչել ընթացիկ տարվա հունիսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, արևային էներգիայի և այլ շահավետ ոլորտներում իրականացնելու բիզնես-նախագծեր՝ կատարելով համապատասխան ներդրումներ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտներում բիզնես նախագծերի մշակման գործընթացը:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ հայ և վրաց գործարարների փոխշահավետ գործընկերությունը կտա իր շոշափելի արդյունքները և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը: