Հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» Վրաստանի առաջնային ծրագրերում է

Եվրամիության Տրանս եվրոպական տրանսպորտային միջանցքների (TEN-T) նոր ինդիկատիվ գործողությունների ծրագրով Վրաստանի ներդրումային ծավալը կազմում է 3,4 մլրդ եվրո:

Ծրագրի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում խթանել տնտեսական աճն ու միակցվածությունը, ամրապնդել հարաբերություններն ու ընդարձակել տրանսպորտային կապը։

Ծրագրի շրջանակներում Վրաստանում նախատեսվում է իրականացնել 18 առաջնային ծրագրերի ֆինանսավորում՝ 3,4 մլրդ եվրոյի չափով։ Այն կծախսվի ճանապարհների, երկաթգծի, նավահանգիստների և այլ լոգիստիկ կենտրոնների կառուցման և վերանորոգման համար:

Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, նշված 18 ծրագրերից 6-ի իրականացումն արդեն ընթանում է, դրանց ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 1,3 մլրդ եվրո: Մինչև 2020 թվականը, նախատեսվում է ավելացնել ևս 2 ծրագիր, որոնց ընդհանուր ներդրումային արժեքը կհասնի 32 մլն եվրոյի: Իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է լրացուցիչ 10 ծրագրի իրականացում, որոնց ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2,02 մլրդ եվրո:

Ծրագրերը հետևյալն են՝

Քութայիսիում լոգիստիկ կենտրոն՝ 61,5 մլն եվրո,

Անակլիայի նավահանգիստ տանող երկաթուղի և ավտոմայրուղի՝ 100 մլն եվրո,

Անակլիայի նոր նավահանգիստ (երկրորդ փուլ)՝ 233 մլն եվրո,

Գրիգլեթի-Փոթի կամուրջ՝ 25 մլն եվրո,

Գրիգոլեթի-Քոբուլեթի ավտոմայրուղի՝ 101 մլն եվրո,

Բաթումի տանող ճանապարհ մինչև Սարփի՝ 115 մլն եվրո,

Քութայիսիի օդանավակայանի բեռների տերմինալ՝ 61,5 մլն եվրո,

Չումաթելեթի-Արգվեթի ավտոմայրուղի՝ 1,006 մլրդ եվրո,

Կումիսիի լոգիստիկ կենտրոն՝ 78,3 մլն եվրո,

Ռուսթավի-Կարմիր կամուրջ ավտոմայրուղի՝ 115 մլն եվրո,

Ալգեթի- Սադախլո ճանապարհ՝ 90 մլն եվրո,

Սադախլոյի բարեկամության կամուրջ 6 մլն եվրո:

Նկատենք՝ Սադախլոյի բարեկամության կամուրջը դա Հայաստանի ու Վրաստանի սահմանին (Սադախլո-Բագրատաշեն հսկիչ անցակետի տարածքում) կառուցվելիք կամուրջն է, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 2014 թվականին՝ ստանալով խորհրդանշական «Բարեկամության կամուրջ» անվանումը։