Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ են զարգանում․ Զալկալիանի

Հայ-վրացական տնտեսական հանձնաժողովի նիստը վարչապետների մակարդակի հասցնելու փաստը վկայում է, որ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները էլ ավելի դինամիկ են դարձել։ Այս մասին երկու երկրների վարչապետների նախագահությամբ Թբիլիսիում ընթացող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

«Դրա մասին են վկայում Վրաստանից Հայաստան, ինչպես նաև Հայաստանից Վրաստան բարձր մակարդակի այցերը, և ես համոզված եմ, որ այսօր տնտեսական հանձնաժողովի շրջանակներում քննարկված հարցերը շատ կարևոր են ենթակառուցվածքային կարևոր նախագծերի քննարկման, ինչպես նաև երկուստեք հարաբերությունների հետագա խորացման համար»,- ասել է  Զալկալիանին։

Նա նաև ասել է, որ հանդիպման ընթացքում կխոսեն նաև երկկողմ ձևաչափերով Վրաստանի վարչապետի հնչեցրած կարևոր նախաձեռնությունների մասին:

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր