Մեկնարկել է հայ-վրացական միջկառավարական նիստը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Թբիլիսիում մեկնարկել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստի մեկնարկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ  երկու երկրների վարչապետների վերջին շրջանում հաճախակի դարձած այցերը վկայում են Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ, բարեկամական հարաբերությունների մասին։

«Մենք շահագրգռված ենք, որ մեր շատ սերտ, բարեկամական համագործակցությունն արդեն վերածվի գործի։ Պետք է զարգացնենք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, քննարկենք նաև տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերը։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, կարելի է ասել, որ նման հարաբերություն մեր երկրների միջև դեռ չի եղել», — ասել է Ղարիբաշվիլին։

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով իր տեսակետը տնտեսական համագործակցության և ընդհանուր ծրագրեր ու նախագծեր քննարկելու վերաբերյալ։

«Մեր սերտ համագործակցությունը սկսվել է դեռևս 2019 թվականից, նպատակ ունենալով զարգացնել մեր երկրների տնտեսությունը, հասցնելով առևտրաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի։ Սակայն այս գործընթացը դանդաղեց համավարակի պատճառով։ Ցավոք դեռ այս արդյունքը չունենք։ Մեր բոլոր ոլորտներում համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության հաստատման և կայունության պահպանմանը։ Իսկ տնտեսության տեսանկյունից ձևավորվել են հաստատուն կապեր, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Մեր պատմական բարեկամությունը ևս նպաստում է այս ծրագրերի իրականացմանը։ Մենք պետք է այս վստահությունը ամրապնդենք՝ էլ ավելի զարգացնելով Հայաստան- Վրաստան բազմակողմ համագործակցությունը», — նշել է Հայաստանի վարչապետը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր