Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, դահլիճում՝ վիճաբանության ու ծեծկռտուքի, խորհրդարանի մոտ՝ ցուցարարների բողոքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»:
Օրենքին կողմ էր 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ «Ռուսական օրենքին» կողմ քվեարկող 84 պատգամավորների շարքում են նաև Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Կողմ քվեարկած մյուս պատգամավորների ցանկը հասանելի է այստեղ:
Խորհրդարանը 10 օրվա ընթացքում օրենքի նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրելու։ Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։
Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջվում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքում են երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» դեմ, խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկում:
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը