Հայկական եկեղեցի, որը վերացման վտանգի տակ է

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունն անդրադարձել է Թբիլիսիի Հայ Առաքելական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու ներկա վիճակին` հրապարակելով տեսանյութ «Հայկական եկեղեցին, որը կարող է վերանալ» վերնագրով։

Տեսանյութում կադրեր են եկեղեցուց և գրություններ, ըստ որի՝ քաղաքի երբեմնի ամենաբարձր եկեղեցին վերջնականապես ավերվելու վտանգի տակ է․

«18-րդ դարի հայկական եկեղեցին ավերակ է դարձել։ Եկեղեցու շուրջն ընթացող ակտիվ շինարարական աշխատանքները եկեղեցուն ավելի մեծ վտանգի առջև են կանգնեցնում։ 2007 թվականին եկեղեցուն շնորհվել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, սակայն եկեղեցու վերականգնում կամ կոնսերվացիա (ամրակայում) պլանավորվում է, թե` ոչ, այս հարցի պատասխանը դեռ անհայտ է», — ասված է տեսանյութում։